Անտոնինա Յավորնիկ
Անտոնինա Յավորնիկ | |
---|---|
մայիսի 13, 1893 - օգոստոսի 16, 1974 (81 տարեկան) | |
Ծննդավայր | Մարիբոր, Սլովենիա |
Մահվան վայր | Բելգրադ, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | ՀՍՖՀ, Հարավսլավիայի Թագավորություն և Ավստրո-Հունգարիա |
Զորատեսակ | ցամաքային զորքեր |
Կոչում | սերժանտ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Առաջին Բալկանյան պատերազմ, Երկրորդ Բալկանյան պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Պարգևներ |
Անտոնինա Յավորնիկ (սերբախորվաթ․՝ Antonija Javornik/Антонија Јаворник, մայիսի 13, 1893, Մարիբոր, Սլովենիա - օգոստոսի 16, 1974, Բելգրադ, ՀՍՖՀ), սերբ զինծառայող, Բալկանյան և Առաջին համաշխարհային պատերազմների ժամանակ սերբական բանակի սերժանտ, բուժքույր։ 12 անգամ վիրավորվել է, արիության համար 12 պարգևների ասպետ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտոնինա Յավորնիկը ծնվել է 1893 թվականի մայիսի 13-ին Ավստրո-Հունգարիայի (այժմ` Սլովենիա) Կրայնա Հերցոգության Մարիբորում սլովենական ընտանիքում։ Դաստիարակվել է հորեղբոր` ավստրո-հունգարական բանակի նախկին պորուչիկ, Բոսնիայում ծառայող, Մարտին Յավորնիկի ազդեցության ներքո։ Պետության և բանակի վիճակից դժգոհ նա տեղափոխվում է Սերբիա և մտնում սերբական բանակ։ Սերբիայի մասին հորեղբոր պատմությունները և Մարիբոր ընտանիքին ուղարկվող գրքերը ոգևորում են Անտոնինային հետևելու հորեղբոր օրինակին։
Ութամյա դպրոցն ավարտելուց հետո Անտոնինան տեղափոխվում է Սերբիայի Կրագուևաց քաղաք։ Նրա հորեղբայրն այդ ժամանակ ծառայում էր սերբական բանակի 11-րդ Կարագեորգիի անվան հետևակային գնդում որպես կապիտան։ Անտոնիե Ջուրիչը «Սոլունյան կանայք խոսում են» գրքում գրում է, որ Անտոնիան տեղափոխվել է Կրագուևաց 1912 թվականի ապրիլի 10-ին[2]։
Բալկանյան պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին Բալկանյան պատերազմի սկսվելուց հետո 1912 թվականի հոկտեմբերի 8-ին Անտոնիա Յավորնիկը կամավոր գրանցվում է սերբական բանակում` ստանալով Նատալիա Բելայաց անունը։ Նա այդ քայլին է գնում մտածելով ու մտահոգվելով Մարիբորում մնացած ընտանիքի մասին և դառնում է Կարագեորգիի անվան 11-րդ հետևակային գնդի հիվանդանոցի սանիտարուհի։ Գնդի կազմում Նատալիան մասնակցում է թուրքական բանակի դեմ մղվող մարտերին Կոսովո Պոլեում, Կումանովոյում և Սկոպյեում, Պրիզրենի և հյուսիսային Ալբանիայի Լեժա, Կրույա, Տիրանա, Դուրրաս և Շկոդեր քաղաքների համար մղվող մարտերին։
Առաջին համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմը Նատալիան դիմավորում է Շաբացում Ցերսկի ճակատամարտում, որտեղ զոհվում է նրա հորեղբայրը, կապիտան Մարտին Յավորնիկը։ Նատալյան արիության համար պարգևատրվում է Միլոշ Աբիլիչի երկրորդ մեդալով։ Հետագայում նա մասնակցում է Բելգրադի պաշտպանությանը, ականատես է լինում Չեռնոգորիայի և Ալբանիայի տարածքով սերբական բանակի նահանջին, Կորֆու և Վիդո կղզիներում տեսնում է բազմաթիվ վիրավոր և մահացող զինվորների։ Այնուհետև նա տեղափոխվում է Սալոնիկի ռազմաճակատ, որտեղ 1916 թվականի սեպտեմբերի 12-ից 30-ը մասնակցում է Կայմակչալանի մարտերին։ Ճակատը ճեղքելուց և Բիտոլն ազատագրելուց հետո նա պարգևատրվում է «Կարագեորգիի Աստղ սրերով» շքանշանով։ Նատալյա Բելայացը հետագայում մասնակցելով առաջին համաշխարհային պատերազմի մարտերին` պարգևատրվում է Ալբանական հուշամեդալով, Սպիտակ արծվի շքանշանով, «Մարտական արիության համար» մեդալով, «Թագավորական ընտանիքին ծառայության համար» մեդալով, Պատվո լեգիոն (ասպետ) ֆրանսիական շքանշանով և ռուսական Սուրբ Գեորգիի անվան III աստիճանի շքանշանով։
Պատերազմից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]1928 թվականին Նատալյա Բելայացը (Անտոնինա Յավորնիկ) հանդիպում է Մարիբորում գտնվող ընտանիքի հետ, այնուհետև վերադառնում է Բելգրադ և բնակվում է այնտեղ առօրյա կյանքով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Նատալյա Բելայացը ձերբակալվում է գեստապոյականների կողմից և ուղարկվում Բանիցի մահվան ճամբար ընդդիմադիր ուժերի հետ համագործակցության համար։ Հետպատերազմական տարիներին նա համարյա ոչ ոքի հետ չէր շփվում, նրան ճանաչում էին Նանա մականվամբ։ Նա մահացել է 1974 թվականի օգոստոսի 16-ին Ցերսկի ճակատամարտի 60- ամյակի օրը։ Թաղված է Մալի-Մոկրի-Լուգի (Բելգրադի արվարձան) գերեզմանատանը, գերեզմանին կանգնեցված է հուշաքար «Սերբական բանակի սերժանտ Նատալյա Բելայաց» մակագրությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Enciklopedija Slovenije. (1990). Knjiga 4. Ljubljana: Mladinska knjiga.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Odvažne kćeri Srbije Արխիվացված 2018-04-24 Wayback Machine (սերբ.)
- VELIKE SRPSKE RATNICE: Hrabre ratnice koje su se borile u Prvom svetskom ratu (սերբ.)
- Dvanajst ran - dvanajst odlikovanj Antonija Javornik, mariborčanka - srbska junakinja Natalija Bjelajac. Marijan F. Kranjc, (2012), Str. 4-10. (սերբ.)
- Delfi knjižare. Žene solunci govore, Antonije Đurić, 2014. (սերբ.)
- Spomenici i obelezja srpskim zrtvama u Balkanskim i Prvom Svetskom ratu (սերբ.)
- Մայիսի 13 ծնունդներ
- 1893 ծնունդներ
- Օգոստոսի 16 մահեր
- 1974 մահեր
- Մարիբոր քաղաքում ծնվածներ
- Բելգրադ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Սերբ ռազմական գործիչներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Առաջին Բալկանյան պատերազմի մասնակիցներ
- Երկրորդ Բալկանյան պատերազմի մասնակիցներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ